«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հրաժարվել մեր անճարակությունից

Հրաժարվել մեր անճարակությունից
11.03.2023 | 10:28

Ի՞նչ ենք անում մենք այսօր. «պեռաշկին» տվել ենք Նիկոլի ձեռքը, 3 միլիոնով շարվել հետևն ու ասում՝ մեզ նորից տար ողբերգության։ Ավելին, ազգովի քննարկում ենք հենց «պեռաշկին», ոչ թե՝ մեզ սպառնացող աղետը ու դրա կասեցումը։


Նոյեմբերի 9-ից հետո Ալիևը մի քանի անգամ փոխել է իր բանակցային տակտիկան, պահանջների նշաձողը, վեկտորը, հռետորաբանությունը։ Ալիևը իր՝ հաղթածի ու գրեթե ազգային հերոսի կարգավիճակում, այնուհանդերձ, շատ ճկուն է եղել և, կախված միջազգային իրավիճակից, միջնորդների ինտենսիվությունից ու բովանդակությունից, մեր սխալներից, մի քանի անգամ էապես փոխվել է։


Մենք ոչ մի բան չենք փոխել ոչ մի հարթության մեջ։ 2021-ին մի անմիտ ընտրական պրոցես ենք ունեցել և առանց հասկանալու քվեարկել ենք հետագա պատերազմների և կորուստների օգտին՝ այն պատճառով, որ դա վաճառվել է «խաղաղություն» տոպրակի մեջ, թեպետ արդեն պարզ էր, որ այս իշխանությունը որևէ առնչություն չունի խաղաղության հետ և միայն պատերազմ է բերում։


Հիմա ո՞ր մեկս ենք քաղաքակրթական ավելի բարձր մակարդակում, ո՞ր պետությունն է ավելի լուրջ՝ մե՞նք, թե՞ Ադրբեջանը, սա է խնդիրը։ Մենք պետք է փոխվենք, որ փոխվի իրավիճակը։
Ալիևը փետրվարի 22-ին, ռուս-ուկրաինական պատերազմի նախօրեին, երբ ամբողջ աշխարհը Պուտինի դեմ էր, Մոսկվայում ստորագրում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության պայմանագիր, հետո սեպարատ գազային պայմանագրեր ստորագրում Արևմուտքի հետ, դառնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հավատարիմ ընկերը, զուգահեռ՝ կոշտ կոնֆլիկտի մեջ մտնում Ֆրանսիայի հետ և այլն, և այլն։ Իսկ ի՞նչ ենք արել մենք։ Ոչ մի հետևություն, ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր բովանդակություն, ոչ մի նոր առաջարկ, հետպատերազմյան վերականգնման ոչ մի բովանդակություն։ Միակ նոր բանը, որ արվել է, Ռուսաստանի հետ կտրուկ թշնամանալն էր, ինչը շեշտակի ուժեղացնում է Ադրբեջանին։


Մեր անճարակությունը հոգնեցուցիչ է դաշնակիցների համար, ոգևորիչ՝ հակառակորդի, ծայրահեղ վտանգավոր՝ մեզ համար։
Բոլոր գիտակից մարդիկ հիմա իրար հարցնում են՝ ի՞նչ անել։ Որպես առաջին քայլ՝ չվախենալ փոփոխություններից, նոր ձևաչափերից, նոր լիդերությունից, նոր գաղափարներից։ Չվախենալ՝ մասնակիցը դառնալ այդ ամենի, որ փոփոխությունը վերջապես գա։


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9866

Մեկնաբանություններ